Ես ու ամուսինս արդեն 2 տարի է, ինչ ամուսնացած ենք։ Ու երբ դեռ հղի չէի, սկեսուրս ինձ օր ու արև չէր տալիս, որ թոռ է ուզում։ Մոտ 1 տարի անց հղիացա, ու այդ պահից սկսվեց երկրորդ փուլը։ Նա վազեց խանութ, մետրով կտոր գնեց, որ տակաշորեր կարի։ Փորձում էի բացատրել, որ այդքան պետք չէ կարել, բացի այդ, մեր առաջին երեխան է, մենք ինքներս մեր ճաշակով կգնենք, բայց նա համառում էր։ 60 հատ տակաշոր կարեց, արդուկեց, բերեց դրեց իմ սենյակում։ Ու ժամանակ առ ժամանակ գալիս էր սենյակ, բացում պահարանը ու ստուգում, հո ոչ մի տեղ չեմ տարել դրանք։ Բայց տակաշորերի գույներն ուղղակի ահավոր են․ ճուտիկներ, շնիկներ, դեղին, կարմիր, կապույտ․․․
Հետո սկսեց տոտիկներ կարել։ Գտավ իր որդու հին հագուստները, սկսեց դրանք ձևափոխել։ Երիտասարդ մայրիկներն ինձ կհասկանան, որքան հաճելի զբաղմունք է դեռ չծնված երեխայի համար գնումներ կատարելը։ Իսկ սկեսուրս ուզում էր զրկել ինձ այդ հնարավորությունից։ Նրան ինչ-որ բան բացատրելն անիմաստ էր։
Չեմ ուզում խոսել մառլյայից տակդիրների մասին․․․
Սկեսուրս անգամ պատրաստվում էր ինձ հետ գալ ծննդաբերության, որ առաջինը գրկի որդուս։ Բարեբախտաբար, նրան թույլ չտվեցին։ Դուրս գրվեցինք, եկանք տուն, սկսվեց մի նոր պատմություն։ Մայրիկիս մեր տուն գալ չի կարելի, որ հանկարծ չհիվանդացնի անիմունիտետ երեխային։ Հենց ուզում եմ լողացնել փոքրիկիս, վերցնում է ձեռքիցս, քանի որ մեծ սերունդն ամեն ինչ ավելի ճիշտ է անում։ Թույլ չի տալիս իմ գնած հագուստը հագցնել, հենց կերակրում եմ, գալիս ժամերով նստում է կողքիս․․․
Հենց քնում եմ որդուս հետ միասին, արթնանում, տեսնում եմ, որ երեխային իր սենյակ է տարել։ Արդարանում է՝ թե իբրև իմ մասին մտածելով է անում դա։ Ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ հարազատ երեխայիս փոխնակ մայրն եմ։ Մի քանի անգամ կիսվել եմ ամուսնուս հետ իմ ապրումներով, իսկ նա ծիծաղում է։ Ասում է, որ ուղղակի մայրը վաղուց նորածին երեխա կամ թոռ չի ունեցել, կարոտել է այդ զգացությանը, դրա համար է այդպես անում։ Իսկ ինձ դուր չի գալիս, ես ինքս էլ կարող եմ երեխայիս խնամել, իմ առաջնեկն է, շատ մեծ հաճույքով եմ ամեն ինչ անում։
Օրեր առաջ, երբ սկեսուրս առանց ինձ ասելու որդուս տարավ իր սենյակ, հագցրեց մառլյայից տակդիրներ, որովհետև «սովորականը վնասում է», էլ չդիմացա։ Այնպես վիճեցի հետը, իսկ նա էլ որդուն զանգեց ու գանգատվեց։ Ամուսինս հեռախոսով շատ կոպիտ խոսեց հետս, ասաց, որ երեկոյան կշարունակենք, իսկ ես չսպասեցի նրա վերադարձին։ Հավաքեցի մեր իրերն ու գնացի մայրիկիս տուն։ Արդեն մի քանի օր է, ինչ ասյտեղ եմ, ամուսնուս հետ միայն հաղորդագրություններով եմ շփվում, բայց դեռ չեմ պատրաստվում հետ գնալ, այսպես շատ լավ եմ ինձ զգում