Մի տղա վաղ տարիքում որբանում է։ Նրան որդեգրում է հեռավոր բարեկամներից մեկը, սակայն հետագայում պարզվում է, որ վերջինս դաժան ու սառնասիրտ մարդ էր։ Նա ծեծի էր ենթարկում փոքրիկին, կերակրում էր մնացորդներով, երկար ժամանակով փակում էր մութ ցախանոցում, թույլ չէր տալիս խաղալ երեխաների հետ։ Մի օր էլ հերթական վեճից հետո, որը կրկին ավարտվեց ծեծով, տղան չդիմացավ ու փախավ բարեկամի տնից։
Ամիսներ շարունակ նա թափառում էր, զբաղվում մուրացկանությամբ, քնում՝ որտեղ պատահի։ Մի օր էլ նա գիշերում է դպրոցի աստիճաններին։ Պարզվում է, որ այդ դպրոցը համարվում էր լավագույնը՝ այնտեղ աշխատող մի Ուսուցչի շնորհիվ։ Այստեղ դասավանդում էին ռազմական արհեստ, իսկ Ուսուցչի հմտության մասին առասպելներ էին պտտվում։ Հենց նա էլ տղային կանչում է իր տուն ու սկսում հոգ տանել նրա մասին։ Սկզբում տղան կատարում էր ողջ սև աշխատանքը, իսկ ծեր Ուսուցիչն էլ՝ տեսնելով նրա ջանասիրությունը, սկսեց սովորեցնել իր արհեստը։
Անցան տարիներ․․․ Պատանին գերազանց սուսերամարտիկ դարձավ։ Այժմ արդեն նրա հմտության մասին էին խոսում քաղաքում։
Ի վերջո ծեր Ուսուցիչը՝ կյանքից հեռանալուց առաջ, իր դպրոցը ժառանգեց պատանուն։
Մի օր Վարպետն արդեն իր աշակերտների հետ անցնում էր հարազատ գյուղի կողքով։ Տներից մեկի մոտ նա մի հիվանդ ու ուժասպառ ծերուկի տեսավ։
—Տեսեք, նա այն մարդն է, ումից ես փախել եմ, — ասաց նա իր աշակերտներին։
Տղաները իսկույն հանեցին թրերը,սակայն վարպետը կանգնեցրեց նրանց։
—Ոչ, ոչ, սպասեք։ Նա այն մարդն է, ում ես պարտական եմ այն ամենով, ինչ ունեմ։ Եթե չլիներ նա, ես ո՞վ ու որտե՞ղ կլինեի։ Նրա շնորհիվ կանգնել եմ այս ուղու վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը