Հոգեբանը, մարդիկ, ոչ ոք չօգնեցին, միայն ծնողներս ու եղբայրս են ինձ պահում, քանի որ գիտեմ՝ նրանց պետք եմ․․․

Շոումեն եւ սցենարիստ Վահե Խաչատրյանը Bravo.am-ի  հետ զրույցում խոսել է  նոր նախագծերի, Հայաստանում հումորի առանձնահատկությունների, սեփական վիշտը հաղթահարելու դժվար փորձերի մասին ու կարեւոր խնդրանքով դիմել մարդկանց:

Մեկ ամիս առաջ նկարահանված «Չէին սպասում» հաղորդումը՝ Արմինե Ճաղարյանի և  Վահե Խաչատրյանի տանը Video

— Դուք հիմա ակտիվ աշխատանքային փուլում եք, նկարահանումներ ունեք ու տարբեր նախագծերում եք ներգրավված: Կպատմե՞ք դրանց մասին:

— Հետաքրքիր մտահղացում ունեինք, որն իրականացրինք «Նոր Հայաստան»-ով՝ «Մադամ Սուսոյի թանգարան»-ը: Հայտնի կերպարները՝ սկսած Թումանյանից ու Կոմիտասից,  մինչեւ ջրահարս ու Ալադինի գորգը, սթենդ-ափի ձեւաչափով անդրադառնում են կարեւոր խնդիրների: Շռայլ միջոցներ չունեինք, բայց եղածով էլ կարողացանք ստանալ լավ արտադրանք:

Սկսում ենք նաեւ մեր սրտի նախագիծը՝ «Հումորի լիգա»-ն, որն ընկերներով՝ Արամ Մելիքյանի, Արսեն Հարությունյանի եւ Արմեն Սուքիասյանի հետ անում ենք 2018-ից: Ներառելու է ողջ Հայաստանը, Ռուսաստանից էլ հյուրեր կլինեն: Փորձել ենք ստեղծել մեծ հումորային հարթակ, որը ՈՒՀԱ-ից հետո վաղուց չկար: Եթե երեխան ուզում է ֆուտբոլով կամ երաժշտությամբ զբաղվել, գնում է համապատասխան վայր, բայց հումորն այդպիսի տեղ չունի: «Հումորի լիգա»-ն մեծ շարժում կդառնա, որտեղ բոլոր ցանկացողները կփորձեն իրենց ուժերը: Մեր ժամանցային ոլորտ  էլ նոր դեմքեր կմտնեն՝ սցենարիստներ, կատարողներ:

Շուտով «Արմենիա»-ով հեռարձակվելու է հումորային «Վարչապետ 2050» սերիալը, որն ընդհանրապես քաղաքականացված չէ: Արմեն Պետրոսյանի նախագիծն է, շատ լուրջ կազմ է աշխատում, ես էլ թիկնապահի դերում եմ:

— Ինչպիսի՞ն է, Ձեր գնահատմամբ, Հայաստանում հումորի ոլորտը եւ ինչո՞ւ է այսքան թերանում:

— Շատ ծավալուն թեմա է, կարճ դժվար է ասել: Եթե մանրամասնեմ, ինչ-որ մեկին հաստատ նեղացնելու եմ:

-Դպրոցական տարիքում դիտել եմ ՈՒՀԱ-ն, այնտեղ հումորի ուրիշ մակարդակ էր: Հումորն ինձ համար առաջին հերթին պետք է ինտելեկտուալ լինի, ոչ թե այն տարրականը, որը հիմա կա:

— Ինտելեկտուալ հումոր հասկացություն գոյություն չունի՝ հումոր կա՛մ կա, կա՛մ չկա, այն լավն ու վատն էլ չի լինում: Եթե կատակում ես, ու ծիծաղում են, հումոր կա: Ցուցիչը ծիծաղն է: Կարող ենք բազմաթիվ հումորիստների թվարկել, որոնք Ձեզ ու ինձ համար ծիծաղելի չեն, բայց արի ու տես, որ հազարներով հանդիսական են հավաքում, գումար վաստակում եւ իրենց երջանիկ զգում: Ինձ էլ երբեմն դուր չի գալիս այն, ինչ գրում եմ: Շատ վիճելի դաշտ կմտնենք, եթե փորձենք, մեր ճաշակից ու արժեհամակարգից ելնելով, գնահատական տալ հումորին: Չենք խոսում վիրավորանքների ու ճշմարիտ թեմաներով հումորի մասին: Այնպես չէ, որ 90-ականների ՈՒՀԱ-ում շատ լավ հումոր է եղել. երբ 2015-ին Ռուսաստանում ինքներս էինք խաղում, Գարիկ Մարտիրոսյանը մեզ ասաց. «Տղաներ, այն, ինչ մենք անում էինք, էլ պետք չէ կրկնել»:

— Դե, որովհետեւ ժամանակն ու դեպքերն իրենց հետքն են թողնում նաեւ հումորի վրա:

— Այո, իրենց արած հումորն այն ժամանակ էր տեղին, հիմա հումորն ուրիշ է անգամ տարբեր երկրներում: Շատ կուզեի հումոր գրել Կաֆկայի, Բուլգակովի, Պազոլինիի, Բրոդսկու կամ Տարկովսկու մասին, բայց առաջնային է լսողի տեղեկացվածությունը. մարդիկ ուզում են առանց մտածելու ծիծաղել, որ մեկն իրենց հիշեցնի հարսանիքներում շատ կոլորիտային կերպով «տաշի» գոռացող տիկնոջ մասին:

— Հանգում ենք պահանջարկին՝ տալիս եք այն, ինչ մարդիկ են ուզում:

— Եթե երեխային ընտանիքում չեն սովորեցնում Գի դը Մոպասանի «Փափլիկը» կարդալ, այլ հեռախոսն են տալիս, որ իրենց չխանգարի, մենք ի՞նչ կարող ենք անել:

— Գուցե հումորի առումով մի քիչ նպաստե՞նք կրթվածության բարձրացմանը:

— Վան Գոգի ու Գոգենի օրը կընկնենք, բայց ուզում եմ ինձ կյանքիս ընթացքում հիշեն, հիմա լավ ապրեմ եւ գոնե եղածի չափով կարողանամ մարդկանց նոր բան տալ, այդպես կլինի «Մադամ Սուսոյի թանգարան»-ի դեպքում: Այդ հաղորդման շրջանակում Թումանյանը կբողոքի, թե այս ինչ օրն ենք ընկել, իսկ Կոմիտասը կդժգոհի, որ մեր երաժշտությունն արեւելյան ելեւէջներից նրա համար չի մաքրել, որպեսզի այն նորից լսեն: Թեեւ փորձում ենք նոր բան հաղորդել, բայց միջին վիճակագրական հայը նման հումոր չի ուզում: Նպատակը մեկն է՝ գործից գա, վարկերի մասին չմտածի եւ թեթեւ բաներ լսի: Պատճառը երկրի կենսամակարդակն է. ժամանցն, ի վերջո, երկրորդական է, առաջնային շատ կարեւոր հարցեր կան:

— Ճանապարհորդական «Աշխարհը սեր է» հաղորդման նկարահանումներով էլ եք զբաղվում:

— Այն կարեւոր գործի շարունակությունն է: «Ճամպրուկս ու ես» նախագիծ կար, որը կինս (Արմինե Ճաղարյանը,-հեղ.) էր վարում: Բայց քանի որ ամեն ինչ այդպես եղավ, հարց էր առաջանում, թե ի՞նչ անեմ: Երկու լուծում կար՝ կամ պիտի մի բան անեի ինքս ինձ հետ, կամ չանեի, իսկ դրա համար խթանիչ միջոցներ էին պետք, որ ֆիզիկապես գոյություն ունենայի: Ոչ մի հայտնի միջոց, բնականաբար, չօգնեց, հիմա էլ չի օգնում:

— Իսկ որո՞նք էին դրանք:

— Հոգեբանը, մարդիկ, ոչ ոք չօգնեցին, միայն ծնողներս ու եղբայրս են ինձ պահում, քանի որ գիտեմ՝ նրանց պետք եմ: Ինքս ինձ վաղուց պետք չեմ, աշխարհին էլ, ու որ այդ  մարդկանց կյանքը վերջնականապես չկործանվի, պատասխանատվություն ունեի: Հասկանում ես, որ ամեն ինչ վերջացել է, ու կյանքն էլ իմաստ չունի: Մազից կախված գիտակցում ես, որ եթե չլինես, եւս 3 հոգի էլ կարող են չլինել: Ու միջոցներ ես փնտրում գիտակցությունդ կառավարելու: Ընկերներ էլ կան, որ կողքիս են, բայց նրանց չեմ ուզում տանջել, քանի ամեն ինչ շատ բարդ ու դժվար է: Հարցը սեփական ճակատագիրը չէ, պարզապես կար մի մարդ, որն էլ չկա, այդ ցավն է տանջում, չես կարողանում հաշտվել: Ու որպեսզի ցավը թուլացնես, պիտի միջոցներ գտնես: Ընթացքում հասկացա՝ միակ ելքն աշխատելն է:

— Ե՞րբ կարողացաք վերադառնալ աշխատանքին:

— Երեւի, 20 օր հետո: Հասկանում էի, որ կործանվում եմ: Մինչ այդ ֆուտբոլային ակումբի մասին վավերագրական ֆիլմ կար պլանավորած, անկախ ինձնից՝ սկսեցի մտածել դրա շուրջ ու հասկացա, որ պահի տակ ցավի մասին մոռանում եմ: Փորձեցի աշխատել, ու դա ցավազրկողի պես ինձ բուժում էր:

— Իսկ աշխարհն իսկապե՞ս սեր է:

— Հաղորդման ձեւաչափը շատ կարեւոր է, քանի որ իմ աղջիկն այն շատ էր գնահատում: Չեմ ուզում այս թեմայի շուրջ շահարկումներ լինեն ու տպավորություն ստեղծվի, թե փորձում եմ օգտագործել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Like this post? Please share to your friends: